Share |
Այցեքարտը կազմակերպության և անհատի մասին բովանդակալից և հակիրճ տեղեկատվություն տրամադրող քարտ է: Այցեքարտը հանդիսանում է ժամանակակից կյանքի և ժամանակակից բիզնես աշխարհի ամենակարևոր և կենսական ատրիբուտներից մեկը: 

 Ցանկացած կազմակերպության իմիջի անքակտելի մաս դարձած այցեքարտը շատ բան է պատմում տվյալ կազմակերպության և նրա աշխատակիցների մասին: Ուստիև, այցեքարտը պետք է հանդես գա հստակորեն արտահայտված ուղերձով: Առաջին հայացքից պարզ ու հասարակ թուղթ հիշեցնող այս տեղեկատվական նմուշը՝ ստեղծագործական մտքի արգասիք է:

 Սովորաբար այցեքարտի վրա բովանդակվում է կազմակերպության կամ անհատի անունը, կազմակերպության ապրանքային խորհրդանիշը, կոնտակտային տվյալները՝ ներառելով հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը, էլ. հասցեն և ֆաքսը: Ներկայիս ժամանակակից այցեքարտերի վրա մեջբերվում են նաև կազմակերպության կամ անհատի անհատական էջերը՝ Facebook-ում, LinkedIn-ում և Twitter-ում: 

 Այցեքարտն այն խոսուն ուղերձն է, որով էապես կարելի է ազդել հեռանկարային հաճախորդների վրա: Լավ տպավորություն ստեղծելու և նոր հաճախորդների գրավելու համար այցեքարտը որոշիչ դեր է կատարում: Հետևապես, այցեքարտը պետք է լինի հնարավորինս տպավորվող և ինքնատիպ: Ինչպես նաև այն խթանում է կազմակերպության լավ համբավի ձեռքբերմանը: 

 Այցեքարտը հանդիսանում է գովազդի հանրամատչելի տարբեակ: Այն մշտապես ենթարկվում է ժամանակակից բիզնես աշխարհի նորամուծություններին: Այլևս անցյալում է մնացել երկկողմ տպագրություն ունեցող այցեքարտների պահանջարկը, որը համաժամանակ նախատեսված էր ներքին և արտաքին շուկայում տարածվելու համար: Առավել գրագետ և հարգալից է, երբ այցեքարտը տպագրվում է միակողմ տարբերակով՝ միայն մեկ լեզվով: Մեծ կարևորություն է տրվում այցեքարտի արտաքին դիզայնի ստեղծման գործընթացին, քանի որ հենց դիզայնի շնորհիվ է այցեքարտը դառնում հիշվող, տարբերվող և ինքնատիպ: Այցեքարտի դիզայնը, փոքրիկ թղթի վրա կերտում է տվյալ կազմակերպության գործելաոճն ու ձեռագիրը՝ ի ցույց դնելով ընկերության ծանրակշիռ դերն ու լրջությունը շուկայում:

Այցեքարտ՝ փոքրիկ թղթե ուղղանկյուն, որը ստեղծագործական մանրուքներով արտացոլում է մի ամբողջ կազմակերպության գործունեություն և անցած ճանապարհ: