Share |
Վեբ դիզայնը գրաֆիկ դիզայնի յուրատիպ ուղղվածություն է, որը մեր օրերում մեծ տարածում և զարգացում է գտել: Վեբ դիզայնն իր առանձնահատկություններով և ոճային սկզբունքներով տարբերվում է գովազդային դիզայնի այլ ձևերից: Գրաֆիկ դիզայնից զատ, այն ներառում է նաև կայքի ինթերֆեյսի նախագծումն ու մշակումը: Վեբ դիզայնի պատկերային բնութագիրն արտահայտվում է վեբ կայքերում, պորտալներում, բլոգերում և էլեկտրոնային այլ հարթակներում: Վեբ կայքը դիտարկվում է որպես կենդանի օրգանիզմ, որտեղ ամեն օր կարող են փոփոխություններ տեղի ունենալ, ուստի վեբ կայքի դիզայնը ևս կարող է ենթարկվել անհրաժեշտ փոփոխությունների:

Գրագետ և պատկերավոր վեբ կայքի դիզայն նախագծելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն կարևոր հանգամանքին, որ կայքի դիզայնը ոչ միայն գրաֆիկ նկարներն ու շարժական պատկերներն են, այլ նաև տեքստային բովանդակության ձևավորումն է: Դիզայները պետք է նրբանկատորեն ընտրի, թե ինչ տառատեսակներ են հարկավոր օգտագործել տվյալ կայքի համար: Վեբ կայքի կիրառելիության ժամանակ ցանկալի չէ փոփոխել տառատեսակը, դրա գույնը և չափսը, չնայած այդպիսի հրարավորություն կառավարման վահանակի միջոցով տրամադրվում է: Տառատեսակների փոփոխումը կհանգեցնի կայքի դիզայնի փոփոխման, որն էլ կբերի դրա արտաքին տեսքի վատացմանը:

Այսպիսով, գրագետ և լավ վեբ կայքի ստեղծման գործընթացում չպետք է միայն կենտրոնանալ գրաֆիկ նախագծման վրա՝ բացիթողի մատնելով բովանդակալից մասը: Վեբ կայքի կառուցումը սկսվում է ֆունկցիոնալ պահանջների հստակ ձևակերպումից և մարտավարության մշակմամբ: Իսկ դիզայնի բոլոր տարրերը՝ լոգոն, ընտրված պատկերները, նավիգացիոն մասը և վեբ էջի կառուցվածքային բնութագիրը պտտվում են այն նպատակների շուրջ, որոնք սահմանվել են ի սկզբանե: Վեբ դիզայների համար շատ կարևոր է հասկանալ նախագծվող վեբ կայքի ճիշտ բովանդակությունը՝ ի վերուստ սահմանված նպատակներին հասնելու համար: Այդ և միայն այդ դեպքում կարելի է վստահաբար սկսել վեբ կայքի մշակման գործընթացը:

Վիճակագրական տվյալների հավաստմամբ, շատ կարճ ժամանակ է պահանջվում անհատից՝ վեբ կայքի մասին տպավորություն ձևավորելու համար: Այսինքն վեբ կայքի դիզայներին հատկացված է սեղմ ժամանակ՝ այցելուների ուշադրությունը գրավելու և կայքի նկատմամբ վստահություն ներշնչելու համար: Ուստի անհրաժեշտ է հետևողական գտնվել և պահել մի քանի կարևոր և պարզ կանոններ՝

1.    Վեբ կայքի դիզայնը պետք է լինի յուրահատուկ և չկրկնվող
2.    Ունենա հնարավորինս պարզ արտաքին և հասկանալի լինի
3.    Տառատեսակներն ու տառաչափսերը պետք է համահունչ լինեն
4.    Օգտագործված լինեն ճիշտ ընտրված գույներ և երանգներ
5.    Կայքը պետք է զարդարեն իմաստալից և ուշադրություն գրավող նկարներ

Վեբ դիզայնի սկզբունքների և առանձնահատկությունների համաձայն կայքի մշակման գործընթացում ընտրվում են կայքի բովանդակությանը լավագույնս համապատասխանող բովանդակություն, առավել պարզ և հանրամատչելի կառուցվածք, ճիշտ ընտրված տառաչափսեր, աչք չծակող, առավել նուրբ և ճաշակով ընտրված երանգներ և իհարկե որակյալ, չկրկնվող և պատշաճ ճաշակով ընտրված նկարներ: